Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(1-ին մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                      Վարչական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՎԴ5/0186/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0186/05/21           2025 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Հ. Խաչատրյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2025 թվականի ապրիլի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի 22-րդ և 24-րդ կետերը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի 22-րդ կետը: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կոմիտեի վերաքննիչ բողոքը` բավարարվել, Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը բավարարելու և դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել է և այդ մասով փոփոխվել` հայցն ամբողջությամբ մերժվել է: Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը` բողոքարկված և չբեկանված մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցապահանջը` վիճարկվող ակտի 24-րդ կետի վերաբերյալ` հիմնվելով քրեական գործով տրված ցուցմունքների վրա, որոնց արձանագրությունները եղել են վարչական վարույթի նյութերի մեջ և ներկայացվել են Դատարան Կոմիտեի կողմից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործով տրված ցուցմունքները գրավոր ապացույցներ են` զուտ այն տեխնիկական պատճառով, որ այդ ցուցմունքներն ամրագրված են գրավոր` հարցաքննության արձանագրության մեջ և բերվել են Դատարան` որպես վարչական վարույթի նյութերի մաս:

Վերաքննիչ դատարանը խախտել է հայցվորի արդար դատաքննության իրավունքը, երբ իր վճռի հիմքում դրել է քրեական գործով տրված ցուցմունքները (դրանց արձանագրությունները), քանի որ հայցվորը չի տվել հարց այդ ցուցմունքները տված անձանց և չի էլ ունեցել նրանց հարցաքննելու իրավունք` չլինելով քրեական գործին մասնակցող անձ, բացի դրանից, այդ ցուցմունքները տված անձինք չեն հարցաքննվել նաև վարչական վարույթի ընթացքում:

Այս խախտումներն ունեցել են ազդեցություն գործի ելքի վրա, քանի որ վիճարկվող ակտի 24-րդ կետը հիմնված է առավելապես քրեական գործով տրված ցուցմունքների վրա:

Առկա է իրավունքի զարգացման խնդիր` սույն գործով կիրառված ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ: Թիվ ՎԴ/0459/05/22, թիվ ՎԴ/4225/05/22 և թիվ ՎԴ/10575/05/21 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանը ցուցաբերել է կտրուկ հակառակ մոտեցում, ինչ սույն գործով Դատարանն ու Վերաքննիչ դատարանը: Հիշյալ գործերով ՀՀ վարչական դատարանը համարել է, որ քրեական գործով տրված ցուցմունքները չէին կարող դրվել իրավաբանական անձանց տուգանելու հիմքում, քանի որ դրանք օգտագործելով` Կոմիտեն խախտել է արդար դատաքննության իրավունքը, և անվավեր են ճանաչվել Կոմիտեի ստուգման ակտերը` համարելով, որ վկաները պետք է հարցաքննվեին վարչական վարույթի ընթացքում, որպեսզի այդ խախտումը տեղի չունենար, իսկ ՀՀ վարչական դատարանում վկաներին հարցաքննելը տեղին չէ, քանի որ վարչական ակտերն արդեն իսկ կայացվել են ոչ պատշաճ վարչարարության արդյունքում և հայցվոր իրավաբանական անձի` լսված լինելու իրավունքի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Կոմիտեի բողոքը դրան կցված նոր ապացույցի շնորհիվ այն դեպքում, երբ անհասկանալի է` այդ ապացույցն ինչի մասին է և ինչպես է ձեռք բերվել Կոմիտեի կողմից:

Վերաքննիչ դատարանը քննել է միջնորդություն` Կոմիտեի վերաքննիչ բողոքին կցված փաստաթուղթը գործի նյութերին կցելու վերաբերյալ, և բավարարել է այն: Ավելին, Վերաքննիչ դատարանն այդ փաստաթուղթը դրել է վիճարկվող որոշման հիմքում, քանի որ այն հետազոտելու շնորհիվ հանգել է հետևության, որ դրանով հաստատվում է, որ հայցվորը, իրոք, կանխիկ եղանակով է վճարել տրանսպորտային միջոցների դիմաց: Խնդիրն այն է, որ Կոմիտեն չի միջնորդել Վերաքննիչ դատարանին գործի նյութերին կցել բողոքին կից ներկայացված փաստաթուղթը: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ ըստ Կոմիտեի` դա ոչ թե նոր փաստաթուղթ է, այլ գործում եղածը, որը Դատարանը սխալ է հետազոտել:

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածն այն պարագայում, երբ չեն եղել դրա հիմքերը: Մասնավորապես, նշված հոդվածից հստակ է, որ անհրաժեշտ է, որպեսզի դատավարության մասնակիցը Վերաքննիչ դատարան ներկայացրած լինի մի ապացույց, որը սահմանված ժամկետում չի ներկայացրել վարչական դատարանում: Մինչդեռ, սույն գործով Կոմիտեն իր բողոքով պնդում է, որ այդ ապացույցը նոր չէ, եղել է գործի մեջ, սակայն Դատարանը սխալ է գնահատել դրա ապացուցողական նշանակությունը: Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն անցել է վերաքննության սահմանները` գործի նյութերին կցելով Կոմիտեի բողոքին կցված փաստաթուղթը:

Այս խախտումն ազդել է գործի ելքի վրա, քանի որ Վերաքննիչ դատարանը, հետազոտելով Կոմիտեի բողոքին կցված փաստաթուղթը, հանգել է այն հետևության, որ դրանով հաստատվում է, որ հայցվորը, իրոք, կանխիկ վճարել է տրանսպորտային միջոցների դիմաց: Սա այն պայմաններում, երբ այդ փաստաթուղթը որևիցե մեկի ստորագրություն կամ կնիք չպարունակող, անանուն աղյուսակ է և չի էլ կարող համարվել փաստաթուղթ` չպարունակելով որևիցե վավերապայման: Այսինքն, Վերաքննիչ դատարանը նույնիսկ սխալ է գնահատել դրա ապացուցողական նշանակությունը` խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջները:

Վերաքննիչ դատարանն անցել է վերաքննության սահմաններն այս գործով, երբ կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասն այն պայմաններում, երբ բացակայել են այն կիրառելու հիմքերը: Ավելին, Վերաքննիչ դատարանն այդ սխալից հետո Կոմիտեի բողոքին կցված փաստաթուղթը հետազոտել է, սխալ է գնահատել դրա ապացուցողական նշանակությունը և դրել է իր որոշման հիմքում` բավարարելով Կոմիտեի բողոքը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչի 15.07.2019 թվականի որոշման համաձայն` թիվ 58214118 քրեական գործով Ընկերությունում նշանակվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային, մաքսային մարմինների կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում կամ վերստուգում` Ընկերության հիմնադրման օրվանից մինչև 15.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածում, որի կատարումը հանձնարարվել է Կոմիտեի մասնագետներին (2-րդ հատոր, գ.թ. 32-36):

2) Կոմիտեի նախագահի 06.08.2019 թվականի թիվ 1002684/1 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունում հանձնարարվել է իրականացնել համալիր հարկային վերստուգում (2-րդ հատոր, գ.թ. 30-31):

3) Կոմիտեի նախագահի 06.08.2019 թվականի «ՀՀ ՊԵԿ նախագահի 06.08.2019թ. թիվ 1002684/1 հանձնարարագրով անցկացվող վերստուգման շրջանակներում լրացում կատարելու մասին» թիվ Ս-1761-Ա հրամանի համաձայն` Ընկերությունում 06.08.2019 թվականի թիվ 1002684/1 հանձնարարագրով իրականացվող վերստուգման շրջանակներում ներառվել են հրամանում նշված ստուգվող հարցերը` համապատասխան ժամանակահատվածներով (2-րդ հատոր, գ.թ. 38-39):

4) 29.04.2019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ Ընկերությունը ձեռք է բերել «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7L» մակնիշի, 2008 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 29.04.2019 թվականին, և տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06CC172062 վկայականը (3-րդ հատոր, գ.թ. 54-55, 61-63):

5) 30.04.2019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ Ընկերությունը ձեռք է բերել «GAZ 53-27» մակնիշի, 1985 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 30.04.2019 թվականին, և տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06CC174765 վկայականը (3-րդ հատոր, գ.թ. 56-60):

6) Համաձայն «Հարությունյան Ավետիք` 1001 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար-հաշիվ` 2281» փաստաթղթի, որն ընդգրկում է նաև 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին կնքված գործարքների վերաբերյալ տեղեկություններ` 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին ֆիզիկական անձ Ավետիք Հարությունյանի միջոցով դուրս է գրվել գումար` 8.200.000 ՀՀ դրամի և 1.400.000 ՀՀ դրամի չափով, «TOYOTA LAND CRUISER թեթև մարդատար, ունիվերսալ թափքով 125/170 կվտ/ձու շարժ N 2TR0647259837AO61» և «բեռնատար կողավոր, կապույտ 84/115 կվտ/ձու 838 AO61» ձեռք բերելու նպատակով (4-րդ հատոր, գ.թ. 17-18):

7) Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի (այսուհետ նաև` Ակտ) 22-րդ կետի (Դրամարկղային գործառնությունների իրականացման ճշտություն) համաձայն` «(...) Ստուգվող ժամանակաշրջանի համար ներկայացված փաստաթղթերի ստուգումից պարզվեց, որ ընկերությունը առհաշիվ անձ հանդիսացող Ավետիք Հարությունյանի միջոցով 29.04.2019թ-ին և 30.04.2019 թ-ին կանխիկ վճարման եղանակով ձեռք է բերել տրանսպորտային միջոցներ (պայմանագրերը կցվում են) համապատասխանաբար 8,200,000 և 1,400,000 դրամ արժեքներով: Խախտվել է ՀՀ հարկային օրենսգրքի 386 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, (...): Քանի որ խախտման գումարների հանրագումարի 5 տոկոսը կազմող մեծությունը 500 հազար դրամը չի գերազանցում, ուստի հարկ վճարողին առաջադրվում է տուգանք 500,000 դրամի չափով» (2-րդ հատոր, գ.թ. 19-20):

8) Ակտի 24-րդ կետի (Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում և (կամ) ստացում (անապրանք փաստաթղթեր, հարկային հաշիվների դուրսգրման կարգի պահպանում) համաձայն` «(...) Ստուգվող ժամանակաշրջանում, ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով քրեական գործի շրջանակներում պարզված հանգամանքների, տրամադրված նյութերի, համալիր հարկային ստուգման (վերստուգման) շրջանակներում ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքներով պարզվել է.

«ՀԱՏՄ» ՍՊԸ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կնքված 26.10.2017թ-ի թիվ ԼՂ-Կ-15/17, 05.02.2018թ-ի թիվ ԱՀ-Կ-01/18 և 29.03.2018թ-ի թիվ ԱՀ-Կ-06/18 «գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման» պայմանագրերի (պայմանագրերը կցվում եմ) համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվամբ դուրս է գրել արտադրանքների ապրանքների առաքման հաշվարկային փաստաթղթեր (կցվում են) այդ թվում` 05.12.2017թ-ի թիվ Բ4813558525, 06.12.2017թ-ի թիվ Բ3766048416, 07.12.2017թ-ի թիվ Բ5704856675, 13.12.2017թ-ի թիվ Բ1795051232, 14.12.2017թ-ի թիվ Բ7155417186, 15.12.2017թ-ի թիվ Բ9935012578, 27.04.2018թ-ի թիվ Բ9360318182, 30.04.2018թ-ի թիվ Բ0588587546 և 08.06.2018թ-ի թիվ Բ6250466573, որոնց գումարները կազմել են համապատասխանաբար 25,960,500 դրամ, 27,616,600 դրամ, 24,350,560 դրամ, 22,046,500 դրամ, 21,845,680 դրամ, 37,074,000 դրամ, 62,838,000 դրամ, ընդհանուր 286,833,540 դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի վերաբերյալ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից ելնելով (փաստաթղթերը կցվում են), պարզվել է, որ վերը նշված հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվել առանց «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների մատակարարման, այսինքն «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից դուրս են գրվել անապրանք փաստաթղթեր:

(...)

Արդյունքում հարկ վճարողից գանձվում է տուգանք ընդամենը 286,833,540 դրամի չափով» (2-րդ հատոր, գ.թ. 20-21):

9) «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ նաև` Հիմնադրամ) (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի համաձայն` վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն և տեղադրել Արցախի շրջանների հանրակրթական դպրոցներում, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով և չափով: Պայմանագրի գինը կազմել է 149.474.540 ՀՀ դրամ` առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 159-162):

10) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շ. Աղաբաբյանի կողմից 07.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 1 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 1-ին խմբաքանակը` ընդհանուր 25.960.500 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 167):

11) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Է. Պետրոսյանի կողմից 08.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 2 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 2-րդ խմբաքանակը` ընդհանուր 27.616.600 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 168):

12) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ժ. Դավթյանի կողմից 11.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 3 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 3-րդ խմբաքանակը` ընդհանուր 27.654.700 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 171):

13) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Զ. Ղուլյանի կողմից 15.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 4 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 4-րդ խմբաքանակը` ընդհանուր 24.350.560 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 174):

14) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վ. Մովսիսյանի կողմից 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 5 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 5-րդ խմբաքանակը` ընդհանուր 22.046.500 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 177):

15) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Խ. Վարդանյանի կողմից 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 6 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 6-րդ խմբաքանակը` ընդհանուր 21.845.680 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 180):

16) Հիմնադրամի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի համաձայն` Վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն և տեղադրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով և չափով: Պայմանագրի գինը կազմել է 74.521.000 ՀՀ դրամ` առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 148-151):

17) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 04.05.2018 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 1 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 1-ին խմբաքանակը` ընդհանուր 37.074.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 154):

18) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 03.05.2018 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 2 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի հիման վրա «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 2-րդ խմբաքանակը` ընդհանուր 37.447.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 155):

19) Հիմնադրամի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև 29.03.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրի համաձայն` Վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն և տեղադրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով և չափով: Պայմանագրի գինը կազմել է 62.838.000 ՀՀ դրամ` առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 136-140):

20) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 11.06.2018 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 29.03.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքը` ընդհանուր 62.838.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 143):

21) ԱՀ քննչական կոմիտեի 05.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Վարդուշ Մովսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 23.06.2011 թվականին նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի պաշտոնակատար, իսկ հոկտեմբերի 11-ից` բաժնի պետ: 23.12.2014 թվականի ԼՂՀ կառավարության թիվ 891-Ն որոշման համաձայն` Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործառույթները փոխանցվել են «Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ին` բացառությամբ Բերձորի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցների: Վերջիններիս ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացվում են դպրոցների կողմից: Հիմնադրամի` ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տրամադրում նախատեսող թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի և ներկայացված գրության մեջ նշված փաստը, որ ինքը` ԱՀ Քաշաթաղի շրջանի կրթության բաժնի պետ Վարդուշ Մովսիսյանը, Հիմնադրամից ստացել է նշված պայմանագրով նախատեսված գույքը, իրականությանը չի համապատասխանում, իր կողմից որևէ գույք չի ստացվել և չի ստորագրվել գույքի ընդունման որևէ ակտ (2-րդ հատոր, գ.թ. 181-183):

22) ԱՀ քննչական կոմիտեի 12.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Զորիկ Ղուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 03.12.2012 թվականից զբաղեցնում է ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: 01.01.2015 թվականից Կրթության բաժնից ֆինանսատնտեսական մասն ԱՀ կառավարության որոշմամբ վերցված է և հանձնված «Մարտունու շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: Իրեն ներկայացված 26.10.2017 թվականի թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագիրն այն մասին, որ Հիմնադրամի, ի դեմս գործադիր տնօրեն Ա. Վարդանյանի և Ընկերության տնօրեն Ա. Հարությունյանի կողմից ԼՂՀ հանրակրթական դպրոցներին, այդ թվում` Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի պետ Զ. Ղուլյանին տրամադրվել է գույք, չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2015 թվականից կրթության բաժինը չի զբաղվում որևէ գույքի հանձնման-ընդունման գործերով, այդ ժամանակահատվածում Կրթության բաժինն արդեն կոչվում էր Կրթության և սպորտի բաժին, իսկ բաժնի պետը` բաժնի վարիչ: Ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Մարտունու շրջանում կան դպրոցներ, որոնք առանձին պայմանագրերի հիման վրա ստացել են գույք, բայց դրանք նորակառույց կամ հիմնանորոգված դպրոցներ են (2-րդ հատոր, գ.թ. 123-125):

23) ԱՀ քննչական կոմիտեի 17.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Էդիկ Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2005 թվականից մինչև 02.07.2019 թվականը զբաղեցրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: 2015 թվականից ԱՀ կառավարության որոշման հիման վրա շրջաններում ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, որոնք կոնկրետ զբաղվում են հանրակրթական դպրոցների, ինչպես նաև շրջանի կրթության և սպորտի բաժնի ֆինանսատնտեսական գործառույթներով, այսինքն, կրթության և սպորտի բաժինը զբաղվում է զուտ ուսումնադաստիարակչական գործունեությամբ, հետևաբար իրեն ներկայացրած փաստաթղթերն այն մասին, որ թե իբր ինքը 08.12.2018 թվականին ստացել է որևէ գույք և այն տրամադրել դպրոցներին, չի համապատասխանում իրականությանը: Տեղյակ չէ դրա մասին և որևէ տեղ չի ստորագրել (2-րդ հատոր, գ.թ. 126-128):

24) ԱՀ քննչական կոմիտեի 26.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Խորեն Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թվականից զբաղեցնում է ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի պաշտոնը: 2017 թվականից բաժնի անունը փոխվել է և վերանվանվել շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժին: 2017 թվականից զբաղեցնում է նշված բաժնի վարիչի պաշտոնը: Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականի ԼՂ-Կ-15/17 պայմանագրով նախատեսված հավելվածի համաձայն` գույքհատկացման վերաբերյալ 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 6 ակտի, որի ներքև հատվածում առկա է 3 անձի ստորագրություն և 3 կլոր կնիք, ուսումնասիրության արդյունքում հայտնել է, որ այդ ակտում նշված գույքն ինքը չի ստացել և ակտը չի ստորագրել: Ընկերությունից վերջին անգամ գույք ստացել են 2015 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 130-133):

25) ԱՀ քննչական կոմիտեի 04.11.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Կառլեն Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 13.01.1997 թվականից մինչև 29.04.2019 թվականը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: Մինչև 2017 թվականը զբաղվել է Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց` մանկապարտեզներում ընդունելու և այդ հիմնարկների բնականոն գործունեության ապահովման խնդիրներով: Զբաղվել է նաև դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության, 1-12-րդ դասարանների երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական աշխատողների որակավորման ու ատեստավորման հարցերով, հիմնարկների նյութատեխնիկական բազայի պահպանման և համալրման, ուսումնական հաստատությունների հիմնարար և ընթացիկ վերանորոգման հարցերով և այլ աշխատանքներով: 01.01.2015 թվականից բաժնի կենտրոնացված հաշվապահության ապակենտրոնացումից հետո զբաղվել է միայն հիմնարկների սովորողների ուսումնադաստիարակչական և աշխատողների մանկավարժական բնույթի հարցերով, չի իրականացրել ֆինանսատնտեսական գործառույթներ (գույքի ձեռքբերում, շենքերի կապիտալ և ընթացիկ վերանորոգում, աշխատողների աշխատավարձերի պատրաստում, ներկայացում, լիազորագրերի տրամադրում և այլն), քանի որ համաձայն ԱՀ կառավարության որոշման` այդ լիազորությունները փոխանցված էին հիմնարկների ղեկավարներին: Իրեն ներկայացված Հիմնադրամի, Ընկերության տնօրենների և իր միջև 29.03.2018 թվականին (ԱՀ-Կ-06/18) և 05.02.2018 թվականին (ԱՀ-Կ-01/18) պայմանագրեր չեն կնքվել: Նշված պայմանագրերի հիման վրա կազմված երեք ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման ակտերի (03.05.2018 թվականի, 04.05.2018 թվականի և 11.06.2018 թվականի) բովանդակությանը ծանոթ չէ, նման անհատների հետ նշված ժամանակահատվածում չի առնչվել, ակտերում առկա ստորագրությունները և կնիքներն իր կողմից չեն դրվել, քանի որ այդ ժամանակահատվածում ինքը` որպես բաժնի վարիչ, նման գործառույթներ չի իրականացրել (2-րդ հատոր, գ.թ. 145-146):

26) ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի` ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Ի. Գրիգորյանին ուղղված 24.09.2019 թվականի թիվ 01-1219 գրության համաձայն` «(...) նախարարության կողմից բանավոր հարցման արդյունքներով պարզվել է, որ Ասկերանի, Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջանների վարչակազմերի կրթության և սպորտի բաժինները, ինչպես նաև նշված շրջանների հանրակրթական դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ները «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից կնքված 2017 թվականի հոկտեմբեր 26-ի ԼՂ-Կ-15/17 պայմանագրով դպրոցական գույք չեն ստացել: Վերոնշյալի գրավոր հաստատումները շրջաններից սպասում ենք» (2-րդ հատոր, գ.թ. 134):

27) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 16.04.2021 թվականի թիվ 26/1 որոշման համաձայն` Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի դեմ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է (1-ին հատոր, գ.թ. 22-26):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է`

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին` վերահաստատելով նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները.

1) որո՞նք են Վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույց ընդունելու լիազորության իրացման պայմանները, և կարող է, արդյո՞ք, Վերաքննիչ դատարանը կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և փոփոխելու լիազորությունը, եթե դատական ակտի բեկանման հիմքում դրվում է դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Վերաքննիչ դատարանում ընդունված ապացույցը,

2) արդյո՞ք քրեական վարույթի ընթացքում անձի կողմից տրված ցուցմունքը կարող է որպես ապացույց ընդգրկվել վարչական վարույթում և դառնալ թույլատրելի ապացույց` քննվող գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար:

 

1) Անդրադառնալով 1-ին հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքը ներառում է ոչ միայն խախտված իրավունքների պաշտպանության պահանջով դատարան դիմելու, այլև` դատական ակտերը բողոքարկելու հնարավորությունը: Դատական ակտերը բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն բխում է անձի դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունից:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ ամրագրել է, որ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, (...) պահպանումը:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն, այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության, քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին` վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը` այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն ընդունում է նույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն: Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը:

Նշված իրավանորմերով կանխորոշվում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վերաքննիչ դատարանի համար ծագում է պարտավորություն առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի որոշումներում վերաքննության սահմանների և գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու «ex officio» սկզբունքի իրացման կապակցությամբ ձևավորված մոտեցումների համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է ոչ միայն վերաքննիչ բողոքում նշված պահանջով, այլև վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, ինչը բխում է բողոքի ըստ էության քննություն իրականացնելու օրենսդրական պահանջից:

Վարչական դատավարությունում վերաքննության առանձնահատկություններով և դատական այս ատյանի գործառութային դերով են պայմանավորված նաև վերաքննության սահմանների համատեքստում վերաքննիչ դատարանի լիազորությունները: Մասնավորապես, վարչական դատավարությունում օրենսդիրը վերաքննիչ դատարանին օժտել է նոր ապացույցներ ընդունելու լիազորությամբ` եզրագծելով նշված լիազորության կիրառման պայմանները:

Անդրադարձ կատարելով ապացույցների ներկայացման թույլատրելիության պայմաններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք տարբերակվում են կախված այն հանգամանքից, թե ինչ կարգով է իրականացվում գործի քննությունը: Այսպես, վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցներ ընդունելու ընդհանուր կանոնը հետևյալն է` նոր ներկայացվող ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար:

Փաստորեն, վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույց ընդունելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված միակ նախապայմանը ներկայացվող ապացույցի` գործի լուծման համար էական նշանակություն ունենալն է, իսկ որպես այդպիսին կարող են դիտարկվել այն ապացույցները, որոնք անհրաժեշտ են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Պետք է ընդգծել, որ գործի լուծման համար նշանակություն ունեն այն հանգամանքները, որոնք պարզելն անհրաժեշտ է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմի (նորմերի) ճիշտ կիրառման և գործն ըստ էության ճիշտ լուծելու համար, ինչպես նաև այն հանգամանքները, որոնց առկայության կամ բացակայության հետ նյութական իրավունքի նորմերը կապում են որոշակի սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում անդրադառնալով վերաքննիչ դատարանի դերին, արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի պարտադրում, որ պայմանավորվող պետությունները նախատեսեն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն երբ կան այդպիսի դատարաններ, պետությունը պարտավորվում է ապահովել, որպեսզի այդ դատարաններում դիմումատուներն օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված հիմնարար երաշխիքներից (տե՛ս, Andrejeva-ն ընդդեմ Լատվիայի գործով ՄԻԵԴ-ի 18.02.2009 թվականի վճիռը, կետ 97): Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարաններում գործերի քննության նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը կախված է քննության հատուկ առանձնահատկություններից, պետք է հաշվի առնվի ներպետական իրավական համակարգում քննության ամբողջականությունը, ինչպես նաև դրանում Վերաքննիչ դատարանի ունեցած դերը (տե՛ս, Helmers-ն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ի 02.12.1991 թվականի վճիռը, կետ 31):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի գործառութային դերի հստակեցումը և դրանով պայմանավորված` դատավարական օրենքում համահունչ լիազորություններ նախատեսելը կարևոր են անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման, դատարանի մատչելիության, վերանայման արդյունավետության բարձրացման, դատավարության խնայողականության ու արագության և այդպիսով` գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու տեսանկյունից (տե՛ս, ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2023 թվականի որոշումը):

Ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրացման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրացնում է վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը և կայացնում է նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այսինքն` նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը կարող է հանդիսանալ բավարար և անհրաժեշտ պայման ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելու համար (տե՛ս, «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թիվ ՎԴ/1244/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):

Վերլուծելով գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կիրառվող լիազորությունների բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանց հիմքում ընկած է հետևյալ ընդհանուր տրամաբանությունը. դատական ակտի բեկանման դեպքում գործը, որպես կանոն, ուղարկվում է վարչական դատարան` նոր քննության: Միևնույն ժամանակ, վերաքննիչ դատարանը կարող է գործին վերջնական լուծում տալ (այդ թվում նաև` բեկանել և փոփոխել դատական ակտը) միայն խիստ որոշակի, օրենքով սահմանված դեպքերում (եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից): Ընդ որում` դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորության կիրառման համար անհրաժեշտ պայմաններն առաջին հերթին դիտվում են որպես այդ լիազորության իրավաչափ կիրառման երաշխիքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից նոր դատական ակտ կայացնելու լիազորության նախատեսումը կոչված է նաև բացառելու դատական շրջապտույտը, այն բխում է դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից այնքանով, որքանով երաշխավորում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից մեկը` ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի իրացումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը ենթակա է իրացման այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկություններով պայմանավորված` վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար չէ արձանագրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները վերացնելու համար, և առաջին ատյանի դատարանում գործի նոր քննությունն անհրաժեշտ է կայացվելիք դատական ակտի արդարացիությունը և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու առումով:

Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, բողոքարկված դատական ակտը բեկանելուց հետո նոր դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացնելիս, վերաքննիչ դատարանը պետք է գնահատի, թե որքանո՞վ է վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությունն ապահովելու և արձանագրված դատական սխալները վերացնելու համար: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննության գործառութային առանձնահատկությունները թույլ են տալիս լուծել նշված խնդիրները, վերաքննիչ դատարանի որոշումը, որպես կանոն, պետք է լինի նոր դատական ակտի կայացումը` ելնելով դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից (տե՛ս, թիվ ԵԿԴ/0259/01/16 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ թեև օրենսդիրը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին վերապահելով գործը նոր քննության ուղարկելու լիազորություն, ուղղակիորեն չի սահմանել այս լիազորությունն իրացնելու հիմքերը, այնուհանդերձ, Օրենսգրքի վերը նշված նորմերն իրենց համակցության մեջ ուրվագծում են գործը նոր քննության ուղարկելու լիազորությունն իրացնելու հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործը նոր քննության ուղարկելու լիազորության իրացումը հնարավոր և անհրաժեշտ է այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված` առաջին ատյանի դատարանի թույլ տված դատավարական կամ նյութական իրավունքի տվյալ սխալը չի կարող վերացվել վերաքննիչ դատարանի կողմից: Նոր քննության անհրաժեշտությունն առկա է, երբ առաջին ատյանի թույլ տված դատական սխալը վերացնելու համար պահանջվում են այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կատարելու իրավասությամբ վերաքննիչ ատյանն օժտված չէ: (...) Եթե վերաքննիչ դատարանը բավարար հիմքեր ունի Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունն իրացնելու համար, սակայն փոխարենը գործն ուղարկում է նոր քննության, նման իրավիճակում վտանգվում է արդարադատության արդյունավետության շահը, այդ թվում` գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի կատարումը (տե՛ս, Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` Սուսաննա և Թամարա Նալբանդյաններ, թիվ ՎԴ/11184/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացվող որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`

«1) (...) գ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին: Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե վարչական դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ վարչական դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով վարչական դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,

դ. այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանը վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,

ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը (...):

Նշված իրավակարգավորումների բովանդակությունից ակնհայտ է որ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների հիման վրա և իրավասու չէ միաժամանակ հաստատված համարել նոր փաստական հանգամանքներ: Ստորադաս դատարանի կողմից հաստատված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը վերաքննիչ դատարանի կողմից կարող է փոփոխվել միայն այն դեպքում, երբ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում վիճարկում է դատարանի կողմից հաստատված փաստերի շրջանակը: Ընդ որում` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը վերաքննիչ դատարանի կողմից կարող է փոփոխվել ոչ միայն այն դեպքում, երբ ստորադաս դատարանի հետազոտած ապացույցների շրջանակը բավարար է այդ փաստերի շրջանակը փոփոխելու համար, այլև վերաքննիչ դատարան ներկայացված և ընդունված նոր (լրացուցիչ) ապացույցների հիման վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննության վարույթում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու «ex officio» սկզբունքի իրացումից բխող առանձնահատկություններով պայմանավորված` վերաքննիչ դատարանն օժտված է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր (լրացուցիչ) ապացույցներ ընդունելու լիազորությամբ: Ուստի, ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստերի շրջանակը փոփոխելու վերաքննիչ դատարանի լիազորությունը սերտորեն կապված է վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների հետազոտման և գնահատման գործընթացի հետ:

Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը պարունակում է հիմնավորումներ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները ոչ ճիշտ հաստատված լինելու վերաբերյալ, և այդ կապակցությամբ ներկայացվում են նոր (լրացուցիչ) ապացույցներ, ապա վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջների պահպանվածության դեպքում ընդունելով նոր ապացույցները, բողոքի հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու օրենսդրական պահանջից ելնելով, պարտավոր է հետազոտել և գնահատել դրանք և պարզել գործի ելքի վրա դրանց ազդեցությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցի ընդունումը չի կարող կապվել բացառապես դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորության կիրառման հետ, և վերաքննիչ դատարանը կարող է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և փոփոխելու լիազորությունը, քանի որ նոր ապացույցի հիմքով բողոքարկված դատական ակտը բեկանելուց հետո նոր դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացնելիս վերաքննիչ դատարանն առաջնորդվում է այն նույն չափորոշիչներով, որոնք կիրառման են ենթակա ցանկացած գործով: Այսինքն, նոր ապացույցի հիմքով դատական ակտը բեկանելու դեպքում ևս դատական ակտը փոփոխելու լիազորությունն իրացնելիս դրա կիրառման իրավաչափությունը կարող է ապահովվել, եթե հիմնավորվում է արդարադատության արդյունավետության շահի առկայությունը, և վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործի նոր քննության անհրաժեշտությունն առկա է, երբ առաջին ատյանի թույլ տված դատական սխալը վերացնելու համար պահանջվում են այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կատարելու իրավասությամբ վերաքննիչ ատյանն օժտված չէ, օրինակ` եթե առկա է լրացուցիչ ապացույցների հավաքագրման անհրաժեշտություն: Իսկ այն պարագայում, երբ վերաքննիչ դատարանն ունի բավարար հիմքեր դատական ակտը փոփոխելու լիազորությունն իրացնելու համար, ապա վերաքննիչ դատարանի որոշումը, որպես կանոն, պետք է լինի նոր դատական ակտի կայացումը:

Վերաքննիչ դատարանին նման գործիքակազմի տրամադրումը նպատակ ունի ապահովելու արդարադատության ավելի արագ և արդյունավետ իրականացումը, քանի որ այդպիսով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից մեկը` ողջամիտ ժամկետում գործի քննությունը: Հակառակ մեկնաբանության պարագայում` եթե վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցի ընդունումն ինքնին դիտարկվի որպես դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորության կիրառման բավարար պայման, ապա դա կարող է հանգեցնել կրկնակի դատական շրջապտույտի, ինչը չի բխում դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809961904

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2025
N ՎԴ5/0186/05/21
Որոշում