Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                      Վարչական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՎԴ5/0186/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0186/05/21           2025 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Հ. Խաչատրյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2025 թվականի ապրիլի 7-ին

 

2) Անդրադառնալով 2-րդ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Սահմանադրության` «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պատվիրանների կատարումն է` իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան:

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

Միևնույն ժամանակ, նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության և քաղաքաշինական օբյեկտներում ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև դրանց իրականացման միասնական կարգը սահմանող օրենք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, որի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ստուգման վարչական վարույթն սկսվում է ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր հրապարակելու միջոցով ստուգումն իրականացնող մարմնի նախաձեռնության դրսևորմամբ և ավարտվում ստուգման ակտի կազմմամբ (տե՛ս, «Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ2/0302/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը հարուցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հրապարակմամբ, որին հաջորդում է այդ վարույթի ընթացիկ փուլը` հանձնարարագրում նշված պաշտոնատար անձանց կողմից փաստացի ստուգողական գործողությունների իրականացումը սահմանված ժամկետներում և ստուգման նպատակների շրջանակներում, որը եզրափակվում է տեղեկանքի կազմմամբ, եթե խախտումներ չեն հայտնաբերվում և ակտի կազմմամբ, եթե հայտնաբերվում են խախտումներ (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Վերոգրյալից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչական վարույթն ու դրա արդյունքում ընդունվող վարչական ակտը պետք է համապատասխանեն ինչպես կոնկրետ հարաբերությունները կարգավորող առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանող «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրումն են ստացել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները` հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել են վարչարարության հետևյալ հիմնարար սկզբունքները.

- վարչարարության օրինականության սկզբունքը (հոդված 4-րդ),

- ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքը (հոդված 5-րդ),

- հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը (հոդված 6-րդ),

- կամայականության արգելքի սկզբունքը (հոդված 7-րդ),

- վարչարարության համաչափության սկզբունքը (հոդված 8-րդ),

- առավելագույնի սկզբունքը (հոդված 9-րդ),

- հավաստիության կանխավարկածի սկզբունքը (հոդված 10-րդ),

- տնտեսվարության սկզբունքը (հոդված 11-րդ):

Վերոգրյալ սկզբունքներից առանձնանում է վարչարարության օրինականության սկզբունքը, որը վարչական մարմիններին պարտադրում է հետևել օրենքների պահպանմանը: Նշված սկզբունքն ունի առանցքային նշանակություն և ընկած է մյուս բոլոր սկզբունքների հիմքում, քանի որ առանց այդ սկզբունքի մյուսներն իմաստազրկվում են:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատուկ ընդգծել, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի ՀՀ Սահմանադրության և օրենքի վրա: Օրենքի գերակայությունը նշանակում է, որ որևէ վարչարարություն չի կարող հակասել օրենքին կամ օրենքի ուժով վարչական մարմնի համար պարտադիր այլ իրավական ակտերին: Օրենքը գերակայում է վարչարարության հանդեպ, հետևաբար, ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար ակներև է, որ վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը (նորմատիվ և վարչական) կամ ռեալ ակտերը (գործողությունները և անգործությունը) նույնպես պետք է համապատասխանեն օրենքին: Դրանք պետք է ընդունվեն կամ ձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով:

Ամբողջ վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ (տե՛ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կարգավորումների համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Հարուցման փուլը մեկնարկում է անձի (անձանց) դիմումով կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, ընթացիկ փուլի ընթացքում իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները, որն ավարտվում է եզրափակիչ փուլով` վարչական ակտի ընդունմամբ:

Վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող վարչարարությունը` վարչական վարույթի ընդհանուր դրույթները, հարուցման և ընթացիկ փուլերի առանձնահատկությունները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ բաժնում (հոդվածներ 19-52):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական վարույթի ընթացիկ փուլին վերաբերող դրույթներն ամրագրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի «Վարչական վարույթի ընթացիկ փուլը» վերտառությամբ գլխում, որում մասնավորապես զետեղված են սկզբունքային դրույթներ վարչական վարույթի ընթացիկ փուլում վարչական մարմնի գործողությունների պատշաճ կատարման երաշխավորման նպատակով: Մասնավորապես, օրենքը սահմանում է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը, վարույթի մասնակիցներին լսելու պարտականությունը, վարչական վարույթի նյութերի մատչելիությունը, վարույթի մասնակիցներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի թերությունները վերացնելու պարտականությունները: Օրենքը նախատեսում է նաև վարչական վարույթի ընթացքում ապացույցների գնահատման կանոններ` սահմանելով, որ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար (տե՛ս, Հայկարամ Հակոբյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության թիվ ՎԴ/7494/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ընդհանուր առմամբ չի կարգավորում վարչական վարույթի ընթացիկ փուլը, մասնավորապես այն, թե ինչպես պետք է ընթանա վարչական ակտ ընդունելու գործընթացը, ուստի վարչական վարույթի ընթացակարգը զգալի չափով որոշում է վարչական մարմինը:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի ընթացիկ փուլը վարչական մարմինների կողմից իրականացվող գործողությունների ամբողջություն է, որն ուղղված է վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած` վարչական վարույթի հարուցումից հետո սկսվում է բովանդակային ստուգում, այսինքն` ստուգվում է, թե արդյո՞ք առկա են վարչական ակտի ընդունման կամ չընդունման նախադրյալներ: Դրա համար անհրաժեշտ է, որ վարչական մարմինը`

- պարզի գործի էական փաստական հանգամանքները,

- որոշի, թե որ իրավական ակտերը (նորմերը) պետք է կիրառվեն,

- որոշի, թե գործով պարզված փաստական հանգամանքներն արդյո՞ք համընկնում են կիրառման ենթակա իրավական ակտերի (նորմերի) կարգավորումների հետ,

- որոշի, թե ինչ միջոցներ (իրավական հետևանքներ) պետք է ձեռնարկվեն (կիրառվեն):

Ընդ որում` վերը թվարկված գործողությունները փոխկապակցված են: Միևնույն ժամանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը նախատեսել է որոշակի գործիքներ ու սահմանել է դրանց գործադրման սկզբունքները, որոնք վարչական մարմինը պարտավոր է կիրառել և պահպանել վարչական վարույթի ընթացիկ փուլում` ապահովելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը:

Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է, որ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու պարտականությունը դնելով վարչական մարմնի վրա` օրենսդիրը միաժամանակ վերջինիս օժտել է ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ: Ըստ այդմ` վարչական մարմինն է որոշում, թե գործի փաստական հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով կոնկրետ ինչ ապացույցներ է անհրաժեշտ ներառել վարույթում: Նշվածը, սակայն, չի նշանակում, որ վարչական վարույթի մասնակիցները զրկված են ապացույցներ ներկայացնելու, վկա ներգրավելու և(կամ) փորձաքննություն նշանակելու միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների ներգրավումը պետք է իրավական առումով թույլատրելի լինի: Անթույլատրելի ապացույցները, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն կարող վարչական վարույթի ընթացքում հետազոտման առարկա դառնալ, դրանցով չեն կարող հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները: Ի վերջո անթույլատրելի ապացույցները չեն կարող դրվել վարչական ակտի հիմքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ հարկային հսկողություն իրականացնելու նպատակով հարուցված վարչական վարույթում հարկային մարմնի կողմից օգտագործման ենթակա տեղեկությունների առնչությամբ օրենսդիրը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսել է առանձին կարգավորումներ:

Այսպես. ՀՀ հարկային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հետևյալ տեղեկությունները` քրեական վարույթ իրականացնող մարմինների տրամադրած` հարկման համար հիմք հանդիսացող տվյալները:

Այսինքն, հատուկ օրենսդրական կարգավորմամբ օրենսդիրը հնարավոր է համարել վարչական վարույթից դուրս, մասնավորապես` քրեական վարույթում, ձեռք բերված ապացույցի, այն է` քրեական վարույթ իրականացնող մարմինների կողմից տրամադրված տվյալների` որպես ապացույց ընդգրկելը հարկային հսկողություն իրականացնելու նպատակով հարուցված վարչական վարույթում: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը կարևորում է օրենքում օգտագործվող «տվյալներ» եզրույթի բացահայտումը:

Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «տվյալ» բառը բնորոշվում է որպես տեղեկություն, փաստ, փաստական նյութ: Այսինքն` ՀՀ հարկային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի իմաստով քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից միայն փաստ, փաստական նյութ հանդիսացող տվյալը կարող է որպես ապացույց ներառվել հարկային հսկողություն իրականացնելու նպատակով հարուցված վարչական վարույթում, հետազոտվել, գնահատվել և հիմք հանդիսանալ հարկման համար` դրվելով վարչական ակտի հիմքում:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված տվյալները չեն կարող նույնացվել քրեական վարույթի ընթացքում անձի տված ցուցմունքի հետ, քանի որ վերջինս մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատապարտյալի կարգավիճակում գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունքը տալիս է փաստերի սեփական ընկալմամբ և գնահատմամբ, որը կարող է չհամապատասխանել իրերի իրական դասավորությանը, մինչդեռ հարկման համար հիմք հանդիսացող տվյալների հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի անհերքելի ապացույցներ, ինչպիսիք են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող գրավոր և իրեղեն ապացույցները:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթի ընթացքում անձի տված ցուցմունքը ՀՀ հարկային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի իմաստով, որպես հարկման համար հիմք հանդիսացող ապացույց, չի կարող ներգրավվել վարչական վարույթում, դառնալ հետազոտման առարկա, դրանով չեն կարող հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները, ինչպես նաև այն չի կարող դրվել վարչական ակտի հիմքում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական վարույթում վկայի ցուցմունքը, որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, դիտարկելը կանոնակարգվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը, վարույթի մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող են հայտնի լինել տվյալ գործին վերաբերող տեղեկություններ: Իր ցանկությամբ վկան կարող է ցուցմունքներ տալ գրավոր` առանց վարչական մարմին ներկայանալու: Գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջի վրա վկան ստորագրում է, որը հաստատվում է վարչական մարմնի կնիքով` ստորագրման տարվա, ամսվա և ամսաթվի նշմամբ: Վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա վարչական մարմնի կողմից հրավիրվում է այդ մարմին:

Վերոշարադրյալ իրավական նորմերի համակարգված վերլուծության լույսի ներքո` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայի ցուցմունքը` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, պարտադիր կերպով պետք է ձեռք բերվի կոնկրետ այն վարչական վարույթի ընթացքում, որում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններին տիրապետող անձը` որպես վկա, կարող է դրանց մասին հայտնել վարչական մարմնին: Ընդ որում, գործին ներգրավված վկան տվյալ գործին վերաբերող տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքն իր ցանկությամբ կարող է տալ նաև գրավոր` առանց վարչական մարմին ներկայանալու: Այդ դեպքում, սակայն, վկան պարտավոր է ստորագրել գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջը, որը ենթակա է հաստատման վարչական մարմնի կնիքով` ստորագրման տարվա, ամսվա և ամսաթվի նշմամբ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթում վկա կարող է ներգրավվել, և նրանից վերը նշված իրավանորմով սահմանված կարգով ցուցմունք կարող է վերցվել բացառապես վարչական վարույթի ընթացիկ փուլում, և միայն այդ պարագայում վկայի ցուցմունքը կհանդիսանա թույլատրելի ապացույց` քննվող գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար: Ընդ որում, վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերջինս կարող է նաև հրավիրվել վարչական մարմնի կողմից:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի իրավակարգավորումները բացառում են վարչական վարույթից դուրս, այլ վարույթների, այդ թվում` քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված վկայի ցուցմունքը` որպես թույլատրելի ապացույց վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայի ցուցմունքը կարող է համարվել թույլատրելի և որպես ապացույցի ինքնուրույն տեսակ կարող է վարչական վարույթի ընթացքում հետազոտվել, գնահատվել և դրվել վարչական ակտի հիմքում միայն այն պարագայում, եթե այն ձեռք է բերվել վարչական վարույթի ընթացիկ փուլում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Նշվածը կարևորվում է նաև նրանով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն` վարչական ակտի իրավաչափությունը դատական վերահսկողության է ենթարկվում վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների և վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած օրենքների հիման վրա: Հետևաբար վկայի ցուցմունքը, որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ ձեռք բերված լինելու պարագայում միայն կարող է հետազոտվել, գնահատվել վարչական մարմնի կողմից և դրվել վարչական ակտի հիմքում: Ըստ այդմ` վկայի ցուցմունքի` վարչական վարույթում ներգրավելու, այն գնահատելու և ակտի հիմքում դնելու վարչական մարմնի գործողությունների իրավաչափությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վիճարկման հայցի շրջանակներում կարող է դառնալ դատական վերահսկողության առարկա (տե՛ս, «ՍԱՏՈՒՐՆ-ԱԿԻԱ» ՓԲ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1889/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.02.2025 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի 22-րդ և 24-րդ կետերը:

Դատարանի 15.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի Ակտի 22-րդ կետը, իսկ Ակտի 24-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով` հայցը մերժվել է: Հայցը` Կոմիտեի Ակտի 22-րդ կետն անվավեր ճանաչելու մասով, բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ ««Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար-հաշիվ` 2281» փաստաթղթի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն ընդգրկում է 01.01.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականն ընկած ժամանակահատվածը և չի արտացոլում 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին կնքված գործարքների վերաբերյալ տեղեկություններ:

Դրամարկղային մուտքի և ելքի օրդերների հետազոտությունից պարզվել է, որ դրանք նույնպես չեն արտացոլում ակտի` վիճարկվող կետում նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարների հատկացման վերաբերյալ տեղեկությունները:

29.04.2019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ «ՀԱՏՄ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել TOYOTA LAND CRUISER PRADO 2.7L մակնիշի 2008 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 29.04.2019 թվականին և տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06CC172062 վկայականը:

30.04.2019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ «ՀԱՏՄ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել GAZ 53-27 մակնիշի 1985 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 30.04.2019 թվականին և տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06CC174765 վկայականը:

Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրերի 3.1 կետի համաձայն` վաճառողն իրավունքի ունի.

3.1.1. սույն պայմանագրին համապատասխան հանձնված տրանսպորտային միջոցի համար Գնորդի կողմից ժամանակին չվճարելու դեպքում պահանջել վճարելու նաև տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան:

3.1.2 իր ընտրությամբ պահանջել վճարելու տրանսպորտային միջոցի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց, եթե Գնորդը սույն պայմանագրի խախտմամբ հրաժարվում է տրանսպորտային միջոցն ընդունելուց կամ դրա համար վճարելուց:

Այսինքն, պայմանագրերի բովանդակությունը նույնպես չի կարող հիմք հանդիսանալ տրանսպորտային միջոցների համար Ընկերության կողմից վճարում կատարված լինելու փաստը հաստատելու համար:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ վարչական վարույթի նյութերով չի հիմնավորվել ապրանքի մատակարարման` 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, կանխիկ դրամով գումարի վճարման փաստը, հետևապես ակտի 22-րդ կետն ընդունվել է օրենքի խախտմամբ, ուստի այդ մասով ակտն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է բավարարման»:

Դատարանի 15.03.2022 թվականի վճռով հայցը` Կոմիտեի Ակտի 24-րդ կետն անվավեր ճանաչելու մասով, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ 26.10.2017 թվականին, 05.02.2018 թվականին և 29.03.2018 ԼՂ-Կ-15/17 կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 և թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրերով նախատեսված աշխատանքները չեն կատարվել, և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել անապրանք փաստաթղթեր, ուստի բացակայում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասով սահմանված` թիվ 1002684/1 ակտի 24-րդ կետն անվավեր ճանաչելու հիմքերը, հետևաբար հայցն այդ մասով ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանի 29.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կոմիտեի վերաքննիչ բողոքը` բավարարվել, Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը բավարարելու և դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել է և այդ մասով փոփոխվել` հայցն ամբողջությամբ մերժվել է: Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը` բողոքարկված և չբեկանված մասով, թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի 29.09.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Ակտի 22-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու մասով Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Ուսումնասիրության առարկա դարձնելով գործով ձեռք բերված ապացույցները` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

Ի սկզբանե, հայցվոր կողմը ՀՀ վարչական դատարան կրկին ներկայացված հայցադիմումով չի էլ առարկել կամ հերքել վիճարկվող ստուգման ակտի 22-րդ և 24-րդ կետերում արձանագրված իրավախախտման դեպքերի առկայությունը և նշել է նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսանում է հայցվոր «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասով մասնակիցը /հիմք` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից առ 04.03.2021 թվականը քաղվածք, 1-ին հատոր, գ.թ. 68/: Ավելին, նշյալ 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքները գրանցվել են և տրվել պետական գրանցման վկայականներ: Արդյունքում, կարելի է փաստել, որ սույն պարագայում կոնտրագենտների միջև պայմանագրային պարտավորությունները դադարել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի իմաստով պատշաճ կատարմամբ:

Այնուհետև, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում վերլուծության առարկա դարձնել պայմանագրերի բովանդակությանը: Այսպես, 29.04.2019 թվականի և 30.04.2019 թվականի տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի 3.4.1-ին կետերի համաձայն` «Գնորդը պարտավոր է սույն պայմանագիրն ստորագրելու պահին Վաճառողին վճարել սույն պայմանագրի 2-րդ կետում նախատեսված գինը»:

Վերոգրյալ պայմանագրային դրույթների վերլուծությունից հետևում է, որ պայմանագրերի գինը, ըստ պայմանավորվածության, պետք է վճարվեր պայմանագրերը ստորագրելու պահին` 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին, ընդ որում, նշյալ պայմանի խախտում չի արձանագրվել:

Ինչ վերաբերում է պայմանագրերի 3.1-ին կետերին, ապա դրանց համաձայն` վաճառողն իրավունքի ունի` 3.1.1. սույն պայմանագրին համապատասխան հանձնված տրանսպորտային միջոցի համար Գնորդի կողմից ժամանակին չվճարելու դեպքում պահանջել վճարելու նաև տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան: 3.1.2. իր ընտրությամբ պահանջել վճարելու տրանսպորտային միջոցի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց, եթե Գնորդը սույն պայմանագրի խախտմամբ հրաժարվում է տրանսպորտային միջոցն ընդունելուց կամ դրա համար վճարելուց: Այսինքն` դրանք վերաբերում են այն դեպքերին, երբ գնորդը չի կատարում կամ պատշաճ չի կատարում պայմանագրից բխող պարտավորությունները, օրինակ, ժամանակին չի վճարում պայմանագրի գինը կամ հրաժարվում է ընդունել տրանսպորտային միջոցը, մինչդեռ, սույն դեպքում հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ դիտարկումն այն մասին, որ նշյալ պայմանագրերի դրույթները կողմերը չեն պահպանել:

Ավելին, վերաքննիչ բողոքին կից վարչական մարմինը ներկայացրել է նաև «Հարությունյան Ավետիք` 1001 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար-հաշիվ` 2281»» փաստաթուղթ, որն ընդգրկում է նաև 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին կնքված գործարքների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես, նշյալ փաստաթղթից հետևում է, որ 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին ֆիզիկական անձ Ավետիք Հարությունյանի միջոցով դուրս է գրվել գումար` 8.200.000 ՀՀ դրամի և 1.400.000 ՀՀ դրամի չափով, «TOYOTA LAND CRUISER թեթև մարդատար, ունիվերսալ թափքով 125/170 կվտ/ձու շարժ N 2TR0647259837AO61» և «բեռնատար կողավոր, կապույտ 84/115 կվտ/ձու 838 AO61» ձեռք բերելու նպատակով: Իր հերթին, հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց առ այն, որ հիշյալ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար նախատեսված գումարները փոխանցվել են վաճառողներին անկանխիկ եղանակով: Բացի այդ, պատասխանողի վերաքննիչ բողոքի առնչությամբ հայցվոր կողմը չի ներկայացրել նաև պատասխան և չի անդրադարձել նաև իր բողոքում:

Հարկ է նկատել, որ Դատարանը հիմք չի ընդունել «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար-հաշիվ` 2281» փաստաթղթում զետեղված տվյալները բացառապես այն հիմնավորմամբ, որ այն ընդգրկում է 01.01.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականն ընկած ժամանակահատվածը և չի արտացոլում 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին կնքված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, մինչդեռ, վերաքննիչ ատյանում ներկայացված փաստաթուղթը պարունակում է տվյալներ քննարկվող ժամանակահատվածի առնչությամբ:

Վերոգրյալ ապացույցների ծանրության ներքո անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալը բավարար է գալու այն եզրահանգման, որ դրանցով հիմնավորվում է ապրանքի մատակարարման` 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, կանխիկ դրամով գումարի վճարման փաստը, ինչը վկայում է այն մասին, որ վիճարկվող ստուգման ակտի 22-րդ կետն ընդունվել է օրենքի պահպանմամբ:

(...)

Համադրելով վերոգրյալը սույն գործի փաստերի հետ և հաշվի առնելով հայցով ներկայացված Ակտի 22-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հաստատված փաստական հանգամանքները բավարար են այդ մասով վերջնական դատական ակտ կայացնելու համար, և բողոքարկվող դատական ակտը մասնակի` հայցը բավարարելու մասով, փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նոր քննության անհրաժեշտությունը բացակայում է»:

Վերաքննիչ դատարանի 29.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Ակտի 24-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասով Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Սույն գործի նյութերում առկա ապացույցներով հաստատվել է հանգամանքն առ այն, որ հայցվորի կողմից դուրս են գրվել անապրանք փաստաթղթեր: Այսպես, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի 24.09.2019 թվականի թիվ 01-1219 գրության համաձայն` նախարարության կողմից բանավոր հարցման արդյունքներով պարզվել է, որ Ասկերանի, Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջանների վարչակազմերի կրթության և սպորտի բաժինները, ինչպես նաև նշված շրջանների հանրակրթական դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ները «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից կնքված 2017 թվականի հոկտեմբեր 26-ի ԼՂ-Կ-15/17 պայմանագրով դպրոցական գույք չեն ստացել: Վերոնշյալի գրավոր հաստատումները շրջաններից սպասում են: /հիմք` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի 24.09.2019 թվականի թիվ 01-1219 գրություն, գ.թ. 134/: Մատակարարման ենթակա ապրանքներ չստանալու հանգամանքը հաստատվել է նաև գործի նյութերում առկա վկաների հարցաքննության արձանագրություններով: Նման պայմաններում պատվիրված ապրանքը վերջնական շահառուներին փաստացի չմատակարարելու մեղքը կրում է հենց հայցվոր ընկերությունը: Ավելին, հաշիվ-ապրանքագրերում նշված է որպես ստացող ոմն Քրիստինե Մկրտչյանը «Kristine Mkrtchyan», որի իրավական կարգավիճակը հավաստող որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ:

Այս առումով ուշադրության է արժանի նաև այն, որ վերաքննիչ բողոքով հենց հայցվոր կողմը շեշտում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այսինքն` փաստաթուղթ ստացողը, ԱԱՀ չի վճարում, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը սույն դեպքում հիմք չէր կարող հանդիսանալ հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և (կամ) վճարման համար:

(...)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը սույն գործի քննության արդյունքում իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ «(...) գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ 26.10.2017 թվականին, 05.02.2018 թվականին և 29.03.2018 ԼՂ-Կ-15/17 կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 և թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրերով նախատեսված աշխատանքները չեն կատարվել, և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել անապրանք փաստաթղթեր, ուստի բացակայում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասով սահմանված` թիվ 1002684/1 ակտի 24-րդ կետն անվավեր ճանաչելու հիմքերը, հետևաբար հայցն այդ մասով ենթակա է մերժման (...)»»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ըստ գործի փաստերի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչի 15.07.2019 թվականի որոշման համաձայն` թիվ 58214118 քրեական գործով Ընկերությունում նշանակվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային, մաքսային մարմինների կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում կամ վերստուգում` Ընկերության հիմնադրման օրվանից մինչև 15.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածում, որի կատարումը հանձնարարվել է Կոմիտեի մասնագետներին (2-րդ հատոր, գ.թ. 32-36):

Կոմիտեի նախագահի 06.08.2019 թվականի թիվ 1002684/1 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունում հանձնարարվել է իրականացնել համալիր հարկային վերստուգում (2-րդ հատոր, գ.թ. 30-31):

Կոմիտեի նախագահի 06.08.2019 թվականի «ՀՀ ՊԵԿ նախագահի 06.08.2019թ. թիվ 1002684/1 հանձնարարագրով անցկացվող վերստուգման շրջանակներում լրացում կատարելու մասին» թիվ Ս-1761-Ա հրամանի համաձայն` Ընկերությունում 06.08.2019 թվականի թիվ 1002684/1 հանձնարարագրով իրականացվող վերստուգման շրջանակներում ներառվել են հրամանում նշված ստուգվող հարցերը` համապատասխան ժամանակահատվածներով (2-րդ հատոր, գ.թ. 38-39):

29.04.2019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ Ընկերությունը ձեռք է բերել «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7L» մակնիշի, 2008 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 29.04.2019 թվականին, և տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06CC172062 վկայականը (3-րդ հատոր, գ.թ. 54-55, 61-63):

30.04.2019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ Ընկերությունը ձեռք է բերել «GAZ 53-27» մակնիշի, 1985 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 30.04.2019 թվականին, և տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06CC174765 վկայականը (3-րդ հատոր, գ.թ. 56-60):

Համաձայն «Հարությունյան Ավետիք` 1001 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար-հաշիվ` 2281» փաստաթղթի, որն ընդգրկում է նաև 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին կնքված գործարքների վերաբերյալ տեղեկություններ` 29.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին ֆիզիկական անձ Ավետիք Հարությունյանի միջոցով դուրս է գրվել գումար` 8.200.000 ՀՀ դրամի և 1.400.000 ՀՀ դրամի չափով, «TOYOTA LAND CRUISER թեթև մարդատար, ունիվերսալ թափքով 125/170 կվտ/ձու շարժ N 2TR0647259837AO61» և «բեռնատար կողավոր, կապույտ 84/115 կվտ/ձու 838 AO61» ձեռք բերելու նպատակով (4-րդ հատոր, գ.թ. 17-18):

Ակտի 22-րդ կետի (Դրամարկղային գործառնությունների իրականացման ճշտություն) համաձայն` «(...) Ստուգվող ժամանակաշրջանի համար ներկայացված փաստաթղթերի ստուգումից պարզվեց, որ ընկերությունը առհաշիվ անձ հանդիսացող Ավետիք Հարությունյանի միջոցով 29.04.2019թ-ին և 30.04.2019թ-ին կանխիկ վճարման եղանակով ձեռք է բերել տրանսպորտային միջոցներ (պայմանագրերը կցվում են) համապատասխանաբար 8,200,000 և 1,400,000 դրամ արժեքներով: Խախտվել է ՀՀ հարկային օրենսգրքի 386 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, (...): Քանի որ խախտման գումարների հանրագումարի 5 տոկոսը կազմող մեծությունը 500 հազար դրամը չի գերազանցում, ուստի հարկ վճարողին առաջադրվում է տուգանք 500,000 դրամի չափով» (2-րդ հատոր, գ.թ. 19-20):

Ակտի 24-րդ կետի (Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում և (կամ) ստացում (անապրանք փաստաթղթեր, հարկային հաշիվների դուրսգրման կարգի պահպանում) համաձայն` «(...) Ստուգվող ժամանակաշրջանում, ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով քրեական գործի շրջանակներում պարզված հանգամանքների, տրամադրված նյութերի, համալիր հարկային ստուգման (վերստուգման) շրջանակներում ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքներով պարզվել է.

«ՀԱՏՄ» ՍՊԸ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կնքված 26.10.2017թ-ի թիվ ԼՂ-Կ-15/17, 05.02.2018թ-ի թիվ ԱՀ-Կ-01/18 և 29.03.2018թ-ի թիվ ԱՀ-Կ-06/18 «գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման» պայմանագրերի (պայմանագրերը կցվում եմ) համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվամբ դուրս է գրել արտադրանքների ապրանքների առաքման հաշվարկային փաստաթղթեր (կցվում են) այդ թվում` 05.12.2017թ-ի թիվ Բ4813558525, 06.12.2017թ-ի թիվ Բ3766048416, 07.12.2017թ-ի թիվ Բ5704856675, 13.12.2017թ-ի թիվ Բ1795051232, 14.12.2017թ-ի թիվ Բ7155417186, 15.12.2017թ-ի թիվ Բ9935012578, 27.04.2018թ-ի թիվ Բ9360318182, 30.04.2018թ-ի թիվ Բ0588587546 և 08.06.2018թ-ի թիվ Բ6250466573, որոնց գումարները կազմել են համապատասխանաբար 25,960,500 դրամ, 27,616,600 դրամ, 24,350,560 դրամ, 22,046,500 դրամ, 21,845,680 դրամ, 37,074,000 դրամ, 62,838,000 դրամ, ընդհանուր 286,833,540 դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի վերաբերյալ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից ելնելով (փաստաթղթերը կցվում են), պարզվել է, որ վերը նշված հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվել առանց «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների մատակարարման, այսինքն «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից դուրս են գրվել անապրանք փաստաթղթեր:

(...)

Արդյունքում հարկ վճարողից գանձվում է տուգանք ընդամենը 286,833,540 դրամի չափով. (2-րդ հատոր, գ.թ. 20-21):

Հիմնադրամի և Ընկերության (Վաճառող) միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի համաձայն` վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն և տեղադրել Արցախի շրջանների հանրակրթական դպրոցներում, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով և չափով: Պայմանագրի գինը կազմել է 149.474.540 ՀՀ դրամ` առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 159-162):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շ. Աղաբաբյանի կողմից 07.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 1 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 1-ին խմբաքանակը` ընդհանուր 25.960.500 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 167):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Է. Պետրոսյանի կողմից 08.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 2 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 2-րդ խմբաքանակը` ընդհանուր 27.616.600 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 168):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ժ. Դավթյանի կողմից 11.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 3 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 3-րդ խմբաքանակը` ընդհանուր 27.654.700 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 171):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Զ. Ղուլյանի կողմից 15.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 4 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 4-րդ խմբաքանակը` ընդհանուր 24.350.560 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 174):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վ. Մովսիսյանի կողմից 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 5 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 5-րդ խմբաքանակը` ընդհանուր 22.046.500 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 177):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Խ. Վարդանյանի կողմից 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 6 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության միջև 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 6-րդ խմբաքանակը` ընդհանուր 21.845.680 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 180):

Հիմնադրամի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի համաձայն` Վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն և տեղադրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով և չափով: Պայմանագրի գինը կազմել է 74.521.000 ՀՀ դրամ` առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 148-151):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 04.05.2018 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 1 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 1-ին խմբաքանակը` ընդհանուր 37.074.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 154):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 03.05.2018 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 2 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի հիման վրա «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից ԱՀ Ստեփանակերտի քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 2-րդ խմբաքանակը` ընդհանուր 37.447.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 155):

Հիմնադրամի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև 29.03.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրի համաձայն` Վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն և տեղադրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով և չափով: Պայմանագրի գինը կազմել է 62.838.000 ՀՀ դրամ` առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 136-140):

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի և ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 11.06.2018 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի և Ընկերության միջև 29.03.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքը` ընդհանուր 62.838.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 143):

ԱՀ քննչական կոմիտեի 05.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Վարդուշ Մովսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 23.06.2011 թվականին նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի պաշտոնակատար, իսկ հոկտեմբերի 11-ից` բաժնի պետ: 23.12.2014 թվականի ԼՂՀ կառավարության թիվ 891-Ն որոշման համաձայն` Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործառույթները փոխանցվել են «Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ին` բացառությամբ Բերձորի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցների: Վերջիններիս ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացվում են դպրոցների կողմից: Հիմնադրամի` ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տրամադրում նախատեսող թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի և ներկայացված գրության մեջ նշված փաստը, որ ինքը` ԱՀ Քաշաթաղի շրջանի կրթության բաժնի պետ Վարդուշ Մովսիսյանը, Հիմնադրամից ստացել է նշված պայմանագրով նախատեսված գույքը, իրականությանը չի համապատասխանում, իր կողմից որևէ գույք չի ստացվել և չի ստորագրվել գույքի ընդունման որևէ ակտ (2-րդ հատոր, գ.թ. 181-183):

ԱՀ քննչական կոմիտեի 12.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Զորիկ Ղուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 03.12.2012 թվականից զբաղեցնում է ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: 01.01.2015 թվականից Կրթության բաժնից ֆինանսատնտեսական մասն ԱՀ կառավարության որոշմամբ վերցված է և հանձնված «Մարտունու շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: Իրեն ներկայացված 26.10.2017 թվականի թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագիրն այն մասին, որ Հիմնադրամի` ի դեմս գործադիր տնօրեն Ա. Վարդանյանի և Ընկերության տնօրեն Ա. Հարությունյանի կողմից ԼՂՀ հանրակրթական դպրոցներին, այդ թվում` Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի պետ Զ. Ղուլյանին տրամադրվել է գույք, չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2015 թվականից կրթության բաժինը չի զբաղվում որևէ գույքի հանձնման-ընդունման գործերով, այդ ժամանակահատվածում Կրթության բաժինն արդեն կոչվում էր Կրթության և սպորտի բաժին, իսկ բաժնի պետը` բաժնի վարիչ: Ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Մարտունու շրջանում կան դպրոցներ, որոնք առանձին պայմանագրերի հիման վրա ստացել են գույք, բայց դրանք նորակառույց կամ հիմնանորոգված դպրոցներ են (2-րդ հատոր, գ.թ. 123-125):

ԱՀ քննչական կոմիտեի 17.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Էդիկ Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2005 թվականից մինչև 02.07.2019 թվականը զբաղեցրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: 2015 թվականից ԱՀ կառավարության որոշման հիման վրա շրջաններում ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, որոնք կոնկրետ զբաղվում են հանրակրթական դպրոցների, ինչպես նաև շրջանի կրթության և սպորտի բաժնի ֆինանսատնտեսական գործառույթներով, այսինքն կրթության և սպորտի բաժինը զբաղվում է զուտ ուսումնադաստիարակչական գործունեությամբ, հետևաբար իրեն ներկայացրած փաստաթղթերն այն մասին, որ թե իբր ինքը 08.12.2018 թվականին ստացել է որևէ գույք և այն տրամադրել դպրոցներին, չի համապատասխանում իրականությանը: Տեղյակ չէ դրա մասին և որևէ տեղ չի ստորագրել (2-րդ հատոր, գ.թ. 126-128):

ԱՀ քննչական կոմիտեի 26.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Խորեն Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թվականից զբաղեցնում է ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի պաշտոնը: 2017 թվականից բաժնի անունը փոխվել է և վերանվանվել շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժին: 2017 թվականից զբաղեցնում է նշված բաժնի վարիչի պաշտոնը: Հիմնադրամի և Ընկերության միջև 26.10.2017 թվականի ԼՂ-Կ-15/17 պայմանագրով նախատեսված հավելվածի համաձայն` գույքհատկացման վերաբերյալ 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 6 ակտի, որի ներքև հատվածում առկա է 3 անձի ստորագրություն և 3 կլոր կնիք, ուսումնասիրության արդյունքում հայտնել է, որ այդ ակտում նշված գույքն ինքը չի ստացել և ակտը չի ստորագրել: Ընկերությունից վերջին անգամ գույք ստացել են 2015 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 130-133):

ԱՀ քննչական կոմիտեի 04.11.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն` թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Կառլեն Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 13.01.1997 թվականից մինչև 29.04.2019 թվականը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: Մինչև 2017 թվականը զբաղվել է Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց` մանկապարտեզներում ընդունելու և այդ հիմնարկների բնականոն գործունեության ապահովման խնդիրներով: Զբաղվել է նաև դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության, 1-12-րդ դասարանների երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական աշխատողների որակավորման ու ատեստավորման հարցերով, հիմնարկների նյութատեխնիկական բազայի պահպանման և համալրման, ուսումնական հաստատությունների հիմնարար և ընթացիկ վերանորոգման հարցերով և այլ աշխատանքներով: 01.01.2015 թվականից բաժնի կենտրոնացված հաշվապահության ապակենտրոնացումից հետո զբաղվել է միայն հիմնարկների սովորողների ուսումնադաստիարակչական և աշխատողների մանկավարժական բնույթի հարցերով, չի իրականացրել ֆինանսատնտեսական գործառույթներ (գույքի ձեռքբերում, շենքերի կապիտալ և ընթացիկ վերանորոգում, աշխատողների աշխատավարձերի պատրաստում, ներկայացում, լիազորագրերի տրամադրում և այլն), քանի որ համաձայն ԱՀ կառավարության որոշման` այդ լիազորությունները փոխանցված էին հիմնարկների ղեկավարներին: Իրեն ներկայացված Հիմնադրամի, Ընկերության տնօրենների և իր միջև 29.03.2018 թվականին (ԱՀ-Կ-06/18) և 05.02.2018 թվականին (ԱՀ-Կ-01/18) պայմանագրեր չեն կնքվել: Նշված պայմանագրերի հիման վրա կազմված երեք ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման ակտերի (03.05.2018 թվականի, 04.05.2018 թվականի և 11.06.2018 թվականի) բովանդակությանը ծանոթ չէ, նման անհատների հետ նշված ժամանակահատվածում չի առնչվել, ակտերում առկա ստորագրությունները և կնիքներն իր կողմից չեն դրվել, քանի որ այդ ժամանակահատվածում ինքը` որպես բաժնի վարիչ, նման գործառույթներ չի իրականացրել (2-րդ հատոր, գ.թ. 145-146):

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի` ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Ի. Գրիգորյանին ուղղված 24.09.2019 թվականի թիվ 01-1219 գրության համաձայն` «(...) նախարարության կողմից բանավոր հարցման արդյունքներով պարզվել է, որ Ասկերանի, Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջանների վարչակազմերի կրթության և սպորտի բաժինները, ինչպես նաև նշված շրջանների հանրակրթական դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ները «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից կնքված 2017 թվականի հոկտեմբեր 26-ի ԼՂ-Կ-15/17 պայմանագրով դպրոցական գույք չեն ստացել: Վերոնշյալի գրավոր հաստատումները շրջաններից սպասում ենք» (2-րդ հատոր, գ.թ. 134):

Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 16.04.2021 թվականի թիվ 26/1 որոշման համաձայն` Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի դեմ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է (1-ին հատոր, գ.թ. 22-26):

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2025
N ՎԴ5/0186/05/21
Որոշում