Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1048 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2025 թվականի N 562-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի

Երևան

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ` Ընտրական օրենսգիրք) 58-րդ հոդվածի 3-րդ մասում «հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով:

Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է.

«3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:»:

Նախ հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում «և թիկունքով դեպի պատը» բառեր առկա չեն, ինչով պայմանավորված փոխարինվել չեն կարող:

Անդրադառնալով նախագծի բուն էությանը` հարկ է նկատել, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության հիմնավորման համաձայն նախագծով առաջարկվում է քվեարկության սենյակում քվեախցիկները տեղադրվեն այն դիրքով, որ քվեարկելիս ընտրողը լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք և հանձնաժողովի անդամները հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչ է կատարվում քվեախցիկի ներսում, մասնավորապես. «անհնար կլինի նկարել քվեաթերթիկը կամ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»:

Գտնում ենք, որ առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 7-րդ և Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածներով երաշխավորված քվեարկության գաղտնիության սկզբունքի համատեքստում:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում կիրառվող քվեախցիկների առկա կառուցվածքի պայմաններում, ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովվում է միայն այն դիրքով, որը սահմանված է Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով, քանի որ քվեախցիկում գտնվելիս գաղտնիության ապահովման տեսանկյունից ընտրողի կամարտահայտման ակտը կարող է վտանգվել միայն թիկունքից, քանզի ընտրողի աջ և ձախ կողմերից և դիմացից քվեախցիկի պատերն ապահովում են քվեարկության գաղտնիությունը: Եթե հնարավորություն տրվի թիկունքից դիտելու ընտրողի քվեարկելու ընթացքը, ուղղակիորեն կխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Հետևաբար, քվեախցիկի դիրքի փոփոխության դեպքում ինքնին կիմաստազրկվի հենց քվեախցիկների տեղադրման պահանջը:

Ավելին, Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ իրականացվում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում` հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Սահմանված է, որ տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն Ընտրական օրենսգրքով սահմանված` քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ: Տեսախցիկներն ունեն կադրը մոտեցնելու հնարավորություն և նման պայմաններում քվեարկության գաղտնիության խախտման վտանգը ծայրահեղ մեծ է:

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ եթե քվեախցիկները տեղադրվեն ընտրական գործընթացի մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ապա անհնարին կլինի նկատել, թե ընտրողն ինչպես է ընտրում:

Այս առումով հարկ է նշել սակայն, որ Հայաստանի Հանրապետությունում որպես քվեարկության սենյակ հատկացված տարածքները կարող են չապահովել նշված հնարավորությունը: Դրանից բացի, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք (վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները) ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք և կարող են լուսանկարել, տեսանկարահանել քվեարկության ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Նախագծով առաջարկվող քվեախցիկի դիրքի պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ ապահովել պատշաճ հանրային վերահսկողությունն ու քվեարկության գաղտնիությունը:

Վերոնշյալի հաշվառմամբ գտնում ենք, որ նախագիծը սկզբունքորեն անընդունելի է:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2025
N 562-Լ
Որոշում