24.05.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կայուն պահակետով պահպանություն` անմիջականորեն պահնորդի կողմից ոչ ահազանգման համակարգի միջոցով իրականացվող պահպանություն:»:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ և շարժական գույքի, տարածքի` կայուն պահակետով կամ տեսահսկման և ահազանգման համակարգերի միջոցով պահպանությունը և արագ արձագանքումը.».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի` տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը): Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով:».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, երկու կամ ավելի անգամ չկատարելը հանգեցնում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ նաև` Լիազոր մարմին) կողմից: Սույն հոդվածով սահմանված մյուս պահանջները չկատարելը հիմք է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար:»:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզիայի տրման պարտադիր պայման է լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի կամ թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայությունը:».
2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.
3) 5-րդ մասից հանել «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը:
i
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
| «Հոդված 8.1. |
Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը |
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հաշվառելու, ոլորտի վիճակի և միտումների վերաբերյալ տեղեկությունները հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականությունը մշակելու նպատակով Լիազոր մարմինը վարում է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում են`
1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու (գործունեություն ծավալելու) վայրը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու տարին, ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը.
4) գործունեության կոնկրետ տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.
5) տրված լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկություններ.
6) կազմակերպությունում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկություններ.
7) սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվետվությամբ նախատեսված այլ տեղեկություններ:»:
i
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «օգտագործելու» բառից հետո լրացնել «զրահաբաճկոն, սաղավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ,» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պահնորդի (թիկնապահի) առողջությունն ապահովագրվում է գործատուի հաշվին:»:
i
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
| «Հոդված 28.1. |
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը |
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետևանքով պատճառված իրական վնասի համար:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը:
3. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
i
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.
2) 2-րդ մասի «Ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, իսկ «իրավական ակտերով» բառերը` «օրենքներով» բառով.
3) 3-րդ մասի «ոստիկանությունն» բառը փոխարինել «Լիազոր մարմինն» բառերով, իսկ «(պատվիրատուների համաձայնությամբ)» բառերը` «, բացառությամբ բնակարանների և բնակարանի հավասարեցված վայրերի,» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը, Լիազոր մարմին են ներկայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանում է Լիազոր մարմինը:
5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմինը:»:
i
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության սահմանված» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի սահմանած» բառերով:
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, և սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի մասով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը, իսկ սույն օրենքով նախատեսված մյուս պահանջների մասով մինչև 2026 թվականի հունվարի 1-ը լիցենզիաները համապատասխանեցնում են սույն օրենքով նախատեսված պահանջներին: Սույն մասի պահանջները չապահովվելու դեպքում Լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-93-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2025 թվական: